AMGEENRU

ՋՈՒԽՏԱԿ ՎԱՆՔ/ Ոսկեպար

25.07.2013 17:43

Ոսկեպարի մերձակայքում պահպանված պատմական հուշարձաններից վերջինը, որ ներկայացվում է ստորև, գտնվում է գյուղից 8 կմ հարավ-արևմուտք` Ոսկեպար գետի ձա­խա­կողմյան անտառածածկ հա­րավ­ա­րևե­լա­հա­յաց լեռնաճյուղին` ծովի մակերևույթից 1278 մ բարձ­րու­թյան վրա (N 41°01.54.60´´; E 044°57.27.60´´):

Հակառակ ժողովրդական` Ջուխտակ վանք անվանմանը` վանական համալիրն ի­րա­­­կանում բաղկացած է փոքր հեռա­վո­րու­թյամբ հյուսիս-հա­րավ ուղղությամբ միմյանց հա­ջորդող պաշ­տա­մունքային չորս կա­ռույց­ներից, որոնցից 3-ը եկեղեցիներ են, իսկ մե­կը` մատուռ, ընդ որում, եկեղեցիներից եր­կու­սը և մատուռը ցարդ կանգուն են, իսկ չափերով ամենամեծ եկեղեցին` կիսավեր:

Համալիրի բա­ղա­դրիչ չորս կառույցները ստո­րև ներկայացնում ենք ըստ հյուսիս-հա­րավ հա­ջորդականության:

Առաջինը միանավ երկխորան հորին­ված­քով և երկլանջ ծածկի ներքո առնված թա­ղա­ծած­կով շինություն է (արտաքին չափերը` 6,35 x 4,59 մ)` իրականացված գլխա­վո­րապես տե­ղա­կան անմշակ, մասամբ էլ կոփածո քարով, կրա­շա­ղա­խով: Քի­վերն ու մասամբ պահ­պան­ված կիսագլանաձև ծածկասալերը կերտված են սրբատաշ քարից:

Միակ մուտքը բացված է արևմտյան ճա­կա­­տից: Լուսավորությունն իրականացված է զույգ խորաններից և արևմտյան ճակատից բաց­ված դեպի ներս լայնացող մեկական լու­սա­մուտով:

Հարդարանքով աչքի է ընկնում արևմտյան ճակատը: Այստեղ, բացի որմի մեջ հենց կա­ռուց­ման ժամանակ ագուցված առնվազն երեք գե­ղաքանդակ խաչքարերից, մի ծաղկաթերթ վարդյակ էլ քանդակված է ճակտոնի վեր­նա­մա­սում: Հարկ է նշել, որ ամբողջ կառույցն ան­մշակ քարով կառուցված լինելու պարա­գա­յում շինության չորսբոլորը ձգվող սրբատաշ քի­վա­գո­տին ինքնին ներկայանում է որպես ճա­­կատ­ները հավաքող և ընդգծող հար­դա­րան­քի գե­ղարվեստական տարր: Լուծում, հնարք կամ պարզապես ազատ արվեստի յուրօրի­նակ արտահայտություն, որը տես­­նում ենք Ջուխ­տակ վանքի մյուս կառույց­նե­րում ևս:

Ի դեպ, եթե ճարտարապետության տեսան­կյու­նից Ջուխտակ վանքը ցարդ ուշադրության չի արժանացել, ապա հարկ է նշել, որ արդեն տաս­նամյակներ առաջ հնա­վայ­րի վիմա­գրա­կան ժառանգությունը մեծ մասամբ ընդօ­րի­նակ­­վել է, իսկ բոլորովին վերջերս էլ` հրա­տա­րակ­վել1:

Ի մասնավորի` վիմագրեր առկա են նաև քննվող եկեղեցու հյուսիսային քիվագոտու և ա­րևմտյան ճակտոնի ան­կյու­նա­յին քիվին (վեր­­ջինս արդեն վայր է ընկել):

  Վերոնշյալ եկեղեցուց հազիվ 4-5 մ հարավ կանգուն է համալիրի երկրորդ` միանավ թա­ղածածկ բա­զիլիկ հո­րին­վածք ունեցող եկե­ղե­ցին (արտաքին չափերն են` 6,35 x 4,86 մ):

Շինարվեստով նախորդ կառույցին հար և նման այս կանգուն եկեղեցին ևս աչքի է ընկ­նում հենց կառուցման ժամանակ հատկապես արևմտյան ճակատին, ինչպես նաև կիսա­բո­լո­րակ խորանից բացված լուսամուտի եզրերին ա­գուց­ված մի քանի գեղաքանդակ, նաև ար­ձա­նագիր խաչքարերով:

Երրորդ եկեղեցին, որը գտնվում է վերջի­նից հազիվ 3 մ հարավ, վանական համալիրի ա­մե­­նաընդարձակ կառույցն է (արտաքին չա­փերն են` 8,57 x 5,05 մ): Սա ևս ունի միանավ հո­­րինվածք, սակայն, ի տարբերություն նա­խորդ­ների, վերջինիս թաղակապ տանիքը` երկ­լանջ ծած­կով հանդերձ, վաղուց արդեն ամ­բող­ջու­թյամբ փլուզվել է: Միակ պահպանված մուտ­քը բացված է հյուսիսային ճակատից: Նույն կող­մից եկեղեցուն կից է ուղղանկյուն հա­տա­կա­գծով և արևմտյան կողմից բաց­ված մուտքով ավանդատունը (արտաքին չա­փերն են` 3,27 x 1,55 մ): Շինանյութը և կառուցողական ա­ռանձ­նահատկությունները նույնական են:

Վանական համալիրի վերջին կառույցը  թա­ղա­կապ ուղղանկյուն հա­տա­կագծով փոք­րաչափ (ար­տա­քին չափերն են` 3,37 x 2,90 մ) մի մատուռ է` տե­ղա­դրված վերոնշյալ երեք ե­կե­­­ղե­ցիներից մոտ 20 մ հա­րավ: Ունի համե­մա­տա­բար մեկուսի դիրք:

Վերջինս ավելի դամբարանական շինու­թյուն է: Նրա արևմտյան ճակատին կանգ­նեց­ված է եղել մեծ ու գե­ղա­քանդակ մի խաչքար (2,70 x 1,0 մ), որ խորհրդային տարիներին ադրբե­ջան­ցի­նե­րի ձեռքով վայր է գցվել ու եր­կատ­վել:

Խաչքարը ստորին մասում ունի մեծ մա­սամբ արդեն հողմահար հնգատող ար­ձա­նա­գրու­թյուն, որի` նույնիսկ թերի պահպանված բա­ռամասերը հուշում են, որ վիմագիրը պա­րու­նակել է պատմական կարևոր տեղե­կու­թյուն­­ներ:

Ջուխտակ վանքում պատմության համար մեծ արժեք ներկայացնող հուշարձաններից է նաև 1272 թ. կերտված, տեղահան և ջարդոտ­ված վիճակում գտնվող թևավոր խաչը (չա­փերն են` 130 x  63 x 26 սմ):

Բարեբախտաբար, տասներկու տողանի փորագիր արձանագրության հիմնական մասն անաղարտ է և դյուրընթեռնելի.

 

1 Դիվան հայ վիմագրության, հ. IX, Երևան, 2012, էջ 482, 484-486: