AMGEENRU

ՇԽՄՈՒՐԱԴ

17.05.2013 17:26

 

Տեղադրություն. գտնվում է Մեծ Հայքի Ուտիք նա­հանգի Տուչկատակ գավառում` ներ­կայիս Հայաս­տանի Հան­րապետության Ծաղկավան գյուղից ուղիղ գծով 4 կմ հարավ-արևմուտք` Հախում գետի ձախակողմյան ան­տառապատ ձորալանջին: Ծովի մակերևույթից բարձր է 960 մ (N 40՛54Բ49.26´´; E 045՛18Բ02.10´´):

Անվան մասին. վանքի Շխմուրադ անունը ծագել է մոտակա գյուղատեղիի անունից: Մինչդեռ ըստ Մակար Բար­խու­­դարյանցի` «Գուցե անուն Գետակից անունն եղած լիներ»:

Պատմություն. վանքի վերաբերյալ մատենագրական վկայություններ չեն պահպանվել, եթե, իհարկե, զանց առնենք Կիրակոս Գանձակեցու` Գետակից վանքին վե­րա­բերող հպանցիկ հիշատակությունը, որի հետ, սա­կայն, Շխմուրադ վանքը նույնացնելու հիմքերը բավա­րար չեն: Մատենագիրների լռությանը հակառակ` բացը լրացնում են վանքի` ԺԲ-ԺԷ դարերից մեզ հասած գլխավորապես նվիրատվական բնույթի 16 միավոր վիմագիր արձանագրությունները, որոնցից թվակիրները 4-ն են (1148/9, 1248, 1264 և 1619): Ի դեպ, հնավայրի ա­մե­նահին արձանագրությունը, որը վերաբերում է «Խո­րա­նիկ»-ի կառուցմանը, ուշագրավ է նաև տարեթվի ար­ձանագրման սակավադեպ եղանակով: Այն Հով­հան­նես Սարկավագի տոմարն է, որի դեպքում արդի թվա­կանը ստանալու համար գումարում ենք ոչ թե 551, այլ 1083/4, իսկ տվյալ դեպքում «Յամի Կ-երորդի :Ե: երոր­դի»-ն վեր­ծանվում է 65+1083/4=1148/9:

Ճարտարապետություն. վանական համալիրը բաղ­կա­ցած է Սբ. Աստ­վածածին գլխավոր և «Խորանիկ» եկեղեցիներից, ինչպես նաև երկու գավթից: Դրանցից ա­ռաջինը կից է Սբ. Աստվածածին եկեղեցուն արև­մտյան կողմից, իսկ երկրորդը` հարավից, որը միաժամանակ որպես գավիթ է ծառայում նաև «Խորանիկ» եկեղեցուն:

«Խորանիկ» եկեղեցի. համալիրի հնագույն կառույցն է, որն ունի միանավ թաղածածկ բազիլիկ հորինվածք և պայտաձև խորան (արտաքին չափերն են` 8,50 x 7,0 մ): Միակ մուտքը բացված է արևմտյան ճակատից, որի բա­րա­վորից փոքր-ինչ վեր ագուցված սրբատաշ քարին 8 տողանի արձանագրու­թյունն ավան­դում է Սադուն իշ­խա­նի հրամա­նով և տեր Գրիգորի գլխավորությամբ 1149 թ. եկե­ղե­ցու կառուցման մասին:

Կառուցված է անմշակ քարով, կրաշա­ղախով: Կան­գուն վիճակում են արևմտյան և հյուսի­սային որմերը, իսկ հա­րավային և արևելյան ճակատ­ները, ներառյալ ծած­կը, ամբողջու­թյամբ քանդված են:

Սբ. Աստվածածին եկեղեցի. համալիրի թեև երկրորդ, սակայն գլխավոր եկեղեցին է՝ կառուցված 1248 թ. համակ սրբատաշ դեղնադարչնագույն ֆելզիտով: Ար­տա­­քի­նից ուղղանկյուն, ներքուստ խաչաձև գմբեթա­վոր շի­նություն է (արտաքին չափերն են` 8,50 x 7,0 մ): Արևել­քում կիսաշրջան խորանն է, որի երկու կողմերում կրկնա­հարկ ավանդատներ են: Արևմտյան կողմից բաց­ված մուտքերով վերջիններիս առաջին հարկերն ունեն կի­սաշրջան խորաններ, իսկ երկրորդ հարկի ավանդա­տներ կարելի է բարձրանալ խորանից: Վերջինիս ան­կյուն­ների և արևմտյան որմնամույթերի վրա բարձրա­ցող կամար­ների վրա հենվում է սրածայր վեղարով ա­վարտվող բոլորաձև գմբեթը: Լուսավորու­թյունն իրա­կա­նացված է թե՛ եկեղեցու և թե՛ գմբեթի չորս ճակատ­ներից բացված դեպի ներս լայնացող մեկական լուսա­մուտ­նե­րով: Մուտքերը բացված են հարավային և արևմտյան ճա­կատներից՝ կից գավիթների մեջ: Բեմի ճակատը հար­դար­ված է քանդակազարդ շրջանակի մեջ առնված խա­չե­րով:

Գմբեթի ոչ միայն վեղարի սալերը, այլև թմբուկի երե­սա­պատի վերին շարքերի քարե­րը թափված են:

Մեծ գավիթ. գլխավոր եկեղեցուն կից է արևմուտքից: Ունի երկսյուն գավիթներին բնորոշ քառակուսի հատա­կագիծ (արտաքին չափերն են՝ 10,30 x 10,30 մ), որի ութ­անկյուն երկու սյուների և արևելյան պատին կից երկու որմնասյուների վրա բարձրանում է երդիկավոր քառա­նիստ ծածկը: Գավթի եզրային նավե­րը թաղա­ծածկ են: Գլխավոր մուտ­քը հարավային ճակատի ծայր արևմուտ­քից է:

Գավիթը կառուցված է սրբատաշ և անմշակ քարերի համակցմամբ, կրաշաղախով, ընդ որում, սրբատաշ են կառուցվածքային պատասխա­նատու հատվածները (սյուներ, որմնասյուներ, թաղակիր կամարներ և երդիկի երեսապատ), իսկ անմշակ՝ որմերը թե՛ ներքուստ և թե՛ արտաքուստ:

Ներկայումս քանդված են երդիկի շարվածքի վեր­նա­մա­սերը և հյուսիսային թաղը:

Փոքր գավիթ. արևմուտքից կից է «Խորանիկ», իսկ հարավից` գլխա­վոր եկեղեցուն: Կառուցվել է 1248 թ.-ից հետո` հավանաբար ԺԳ դարի երկրորդ կեսին: Եղել է քա­­ռակուսի հատակագծով անսյուն կառույց (ար­տա­քին չա­փերն են՝ 7,0 x 7,0 մ): Ներքուստ պահ­պանվել են չորս որմ­նամույթերը, որոնց վրա բարձ­րացող կա­մար­նե­րով ձևա­վորվել է ծածկը: Մուտքը ենթա­դրաբար եղել է արև­մուտքից:

Գավիթն ամբողջությամբ կառուցված է եղել գլխա­վոր եկեղեցու քարատեսակով:

Կիսավեր վիճակում պահպանվել են միայն հա­րա­վա­յին, արևելյան և արևմտյան որմերը:

Գերեզմանոց. վանքի շուրջը տարածված գերեզմա­նո­­ցում եղել են բազմաթիվ խաչքարեր: Դրանց մի մասը դեռևս գլխավոր եկեղեցու կառուցման ժամանակ ագուց­վել է վերջինիս որմերում, իսկ մյուս մասը ժամանակի ըն­թաց­քում վնասվել է: Պահպանության նպատակով հե­տա­գայում դրանք փոխադրվել են կառույցների ներսը:

Պահպանվել է Քիրամ կազմողի` 1611 թ. կերտած խաչքարի բեկորը: Իր հարդարանքով ուշագրավ է ցարդ անվնաս մեզ հասած Գուլմելիքի և Սարգսի հիշա­տակին 1619 թ. կերտված խաչքարը:

Շխմուրադի վանքը Հյուսիսարևելյան Հայաստանի առավել աչքի ընկնող միջնադարյան հուշահամալիրնե­րից է: Թեև նրա կազմում գտնվող կառույցները առան­ձին-առանձին վերցրած հորինվածքային առումով եզա­կից­ներից չեն, սակայն խիստ հետաքրքրական են միաս­նության մեջ` իբրև վանական համալիր: