AMGEENRU

ԴՍԵՂԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ

17.05.2013 11:53

Տեղադրություն. գտնվում է գյուղա­միջում` շրջափակ­ված բնակելի տներով: Ծովի մակերևույթից բարձր է 1218 մ (N 40՛57՛33.60՛՛; E 044՛38՛59.28՛՛): Ընդգրկում է մոտ 6000 քմ մակերես:

Պատմություն. առկա գերեզմանական տարաբնույթ հու­շարձանները վկայում են, որ տեղում գրե­թե առանց ընդհատումների իրականացվել են թաղումներ` սկսած առնվազն վաղ միջնադարից մինչև ԺԹ դարը:

Նյութական մշակույթի հուշարձանները. հնա­վայ­րում պահպանվել են վաղմիջնադարյան քա­ռակող կո­թող­ներ, զարգացած միջնադարից մինչև ուշ ­միջնադարի ընդ­գրկումով պարզ և գե­ղա­քանդակ բազմաթիվ խաչ­քա­րեր, վերջիններիցս մնացած մե­ծա­թիվ պատ­վան­դան­ներ, բազմաոճ (սալաձև, ուղ­ղան­կյունաձև, վրանաձև և այլն) տապանաքարեր: Գերեզմանական հու­շար­ձան­նե­րի զգալի մասն արձանագիր է:

Առավել ակնառու է նախնա­կան տեղում պահպան­ված Զ-Է դարերով թվագրվող քան­դակազարդ քառակող կոթողը, որի պատվանդանի հարավային նիստին ԺԳ դարում հավելվել է 5 տողանի արձանագրություն: Ի դեպ, հիշ­վում է Մամիկոնյան Վահրամ իշխանը, իսկ գրիչն է Մխի­թարիչը:

Գեղարվեստական բարձրարվեստ մշակմամբ աչքի է ընկնում քարգործ-վարպետ Վահրամի` 1281 թ. կերտած Ամենափրկիչ խաչքարը, որը կանգնեցրել է Խալիլի որդի Տերունը եղբայրների հետ: Նրբագեղ խաչքարի արև­մտա­հա­յաց երեսի կենտրոնում քանդակված է Գող­գո­թայի վրա կանգնած խաչը` խաչված և գլուխը դեպի աստ­վա­ծա­մայրն ուղղած Քրիստոսի պատկերով: Հի­սուսից աջ` առասպելական թռչունի վրա, արևի, իսկ ձախ` ցլի վրա, լուսնի պատկերաքանդակներն են: Խա­չի ստորին մասում պատկերված է Ադամի գլուխը, քի­վին` Համբարձման տեսարանը: Բազ­մա­տող ար­ձանա­գրու­­թյունը զետեղված է խաչքարի մա­կե­րե­սին և պատ­վանդանին:

Գերեզմանոցի հյուսիսային եզրին պահպանվել են նաև վաղմիջնադարյան եկեղեցու մնացորդներ: Հնա­վայ­րի ողջ տա­րածքում հանդիպում են նաև ճար­տա­րա­պե­տական առանձին այլ բեկորներ` կիսագլանաձև ծած­կասալեր և երեսապատի սրբա­տաշ քարեր: