AMGEENRU

ԴՈՐԲԱՆՏԱՎԱՆՔ

12.04.2013 16:56

Տեղադրություն. գտնվում է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառում` ներկայիս Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սվերդլով գյուղից 3 կմ դեպի հյուսիս-արևելք` Դորբանդ անվամբ հայտնի ընդարձակ գյուղատեղիի հյուսիսային եզրին: Ծովի մակերևույթից բարձր է 1600 մ (N 40°52´58.56´´; E 045°18´57.60´´):

Պատմություն. հուշարձանի հիմնադրման և պատմական հետագա անցքերի վերաբերյալ ոչ միայն վիմագրական, այլև մատենագրական հիշատակություններ չեն պահպանվել: Ավելին՝ մեզ չի հասել անգամ հնավայրի բուն՝ պատմական անվանումը, և ներկայումս ինչպես տեղացիներին, այնպես էլ մասնագիտական գրականության մեջ հուշարձանը հայտնի է օտարաշունչ Դորբանտա-վանք անվամբ, որը ծագում է վանքին կից տարածված և ԺԸ դարի սկզբներից արդեն հայաթափ ընդարձակ գյուղատեղիի անունից:

Թվագրում. ինչպես հորինվածքային, այնպես էլ հարդարանքի տարրերի առանձնահատ-կությունները միանգամայն բնորոշ են Է դարում ստեղծված հայ քաղկեդոնական հուշարձաններին:

Ճարտարապետություն. արևելք-արևմուտք ձգվածությամբ եռախորան խաչաձև-գմբեթավոր կառույց է: Իր հորինվածքային յուրահատկություններով առանձնանում է նույն դարաշրջանին բնորոշ նմանատիպ այլ հուշարձաններից (Թալին, Հնեվանք, Պեմզաշեն և այլն): Այսպես, գմբեթատակ հատվածը ոչ թե քառակուսի է, այլ ուղղանկյուն, իսկ գմբեթաթաղը շրջանաձևի փոխարեն ձվաձև է: Առանձնանում է նաև արևելյան և արևմտյան խաչաթևերի չափերով, որոնք գրեթե կրկնակի երկար են մյուսներից: 

Արևելյան խաչաթևն արտաքուստ հնգանիստ է, հարավայինն ու հյուսիսայինը՝ եռանիստ, իսկ արևմտյանը՝ ուղղանկյուն: Ութանիստ թմբուկով գմբեթը հանգչում է խաչաթևերի միացման անկյունները կցող կամարներին միաշարք տրոմպների միջոցով: Թմբուկից անցումը ձվաձև գմբեթին իրականացված է երկշարք տրոմպների միջոցով: Ցածր բեմով ավագ (արևելյան) խորանի երկու կողմերում ուղղանկյուն հատակագծով թաղակապ ավանդատներ են: Ունի երկու մուտք, որոնցից գլխավորը բացված է հարավային խորանի կենտրոնից, իսկ մյուսը՝ արևմտյան խաչաթևի հարավային պատից:

Եկեղեցու արտաքին հարդարանքի տարրերն են պայտաձև կամարաշարով քիվագոտին, մուտքերի եզրակալները և լուսամուտների պսակները: Առանձնապես ուշագրավ է հարավային ճակատի ծայրարևմտյան լուսամուտի պայտաձև կամարաշարի և երկշար ատամնազարդ գոտու զուգակցմամբ պսակված եզրակալը: 

Կառուցված է ֆելզիտի սրբատաշ մեծաչափ քարերով, իսկ գմբեթակիր կամարները, թմբուկը, գմբեթաթաղը և խորանների անկյունները՝ սև տուֆով:

Վերանորոգվել է 1980-ական թվականներին:

Եկեղեցուց հյուսիս՝ բլրալանջին, տարածվում է գերեզմանոցը, որտեղ պահպանվել են անզարդ և անարձանագիր տապանաքարեր:

Դորբանտավանքը վաղմիջնադարյան հայ ճարտարապետության յուրօրինակ և բարձրարժեք նմուշներից է: Զուգակցելով բազիլիկի և խաչաձև գմբեթավորի հորինվածքները՝ այն միանավ հորինվածքի գմբեթավորման առաջին նմուշներից է: