AMGEENRU

«SOS մշակույթ» ծրագիրը պարգևատրվել է

10.11.2014 13:29

Նոյեմբերի 5-7-ը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «SOS մշակույթ» ծրագիրը ներկայացավ Ուկրաինայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության մշակույթի արտահայտությունները» թեմայով երկրորդ տարածաշրջանային համաժողովին:

Համաժողովը ամփոփեց Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի առաջին փուլը: Շուրջ 120 պատվիրակներ, այդ թվում մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, ծրագրի մասնակիցներ և շահառուներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից հավաքվել էին՝ իրենց ծրագրերի արդյունքները և տեսլականները կիսելու նպատակով:

Կազմակերպությունների ինքնագնահատման արդյունքում սեմինարների մասնակիցները հանդես եկան համատեղ դիրքորոշմամբ իրենց ծրագրերի ձեռքբերումների և մարտահրավերների վերաբերյալ:Համաժողովի նիստերը սկսվեցին Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի «Արդյունքների տոնավաճառով»: Աշխատանքների գնահատումն իրականացվում էր երեք թեմատիկ անվանակարգերում՝ «Մասնագիտացում և մասնագիտական կապեր», «Քաղաքականության և մշակույթ», ու «Ապագայի գեներացում»: Ըստ կոնֆերանսի պատվիրակների հանրային քվեարկության արդյունքների FPWC-ի «SOS մշակույթ» ծրագիրը արժանացավ Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակներում մշակույթի խթանման համար «Լավագույն նվաճում» մրցանակին՝ «Ապագայի գեներացում» անվանակարգում:

24 ամիս տևողությամբ «SOS մշակույթ» ծրագրի նպատակն էր հաշվառել և պահպանել Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում գտնվող վտանգված ու մոռացված մշակութային արժեքները` ներգրավելով տեղի երիտասարդներին: Ծրագրի համար առանցքային էր ոչ միայն երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը, այլև մշակութային ժառանգության կրթական ձեռնարկների և ուսումնական նյութերի ստեղծումն ու տարածումը: Բացի այդ, հեղինակած 4 ֆիլմերը, Ախթալայի, Ալավերդու, Վարագավանի և Բերդավանի «SOS մշակույթ» երիտասարդական ակումբների անդամները, արդեն իսկ արժանացել են միջազգային կինոփառատոներում բազմաթիվ մրցանակների: