AMGEENRU

«SOS մշակույթ»-ի դասընթացները արդեն սկսվել են…

16.07.2012 15:50

Հունիսի 11-ից «SOS մշակույթ» ծրագրի թիմը սկսեց իր առաջին դասընթացները Վարագավանում և Ախթալայում հիմնադրված երիտասարդական ակումբներում: Ծրագրի հիմնական նպատակն է լքված և ավերված մշակութային արժեքների պահպանումը և դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը: Մենք սկսեցինք առաջին դասընթացը սառույցի քանդման և թիմային կառուցման միջոցառումներով, որոնց միջոցով կարճ ժամանակ անց ազատ և անկաշկանդ աշխատանքային մթնոլորտ ստեղծվեց: Տարբեր առաջադրանքների միջոցով մասնակիցները ավելի լավ ճանաչեցին միմյանց, ստեղծվեց վստահության մթնոլորտ և բացահայտեցին իրենց ստեղծագործ ներուժը: Ներածական դասընթացի նպատակն էր նաև զարգացնել մասնակիցների թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտությունները:

Ինչպես Վարագավանի, այնպես էլ Ախթալայի ակումբի անդամները ոգևորված և ակտիվ էին խաղերի, քննարկումների, դերային խաղերի ընթացքում: Դասընթացի առաջին օրը միջոցառումների մեծ մասը ուղղված էին մասնակիցների միջև «սառույցի քանդմանը» և թիմի կառուցմանը: Հաջորդ օրվա առավոտը սկսվեց քայլարշավով համապատասխանաբար դեպի Նոր Վարագավանք և Ախթալայի վանք, որը ուղեկցվում էր աղբահավաքով: Վարագավանի երիտասարդների ուղղությունը Նոր Վարագավանքն էր, իսկ Ախթալայի երիտասարդներինը՝ Ախթալայի վանքը:

Յուրաքանչյուր մշակութային կոթողի մոտակայքում հավաքելով երկու մեծ պարկ աղբ՝ մասնակիցները գիտակցեցին, թե որքան վտանգավոր է աղտոտումը մշակութային արժեքների պահպանման համար: Մարդիկ, ովքեր այցելում են այս գեղեցիկ վայրերը, անխնա ոչնչացնում են այդ կոթողները՝ թողնելով պլաստիկ եւ ապակե շշեր, ծխախոտի փաթեթներ, թիթեղյա տարաներ եւ այլն: Այս քայլարշավը և աղբահավաքը թեժ քննարկումների առիթ դարձավ մասնակիցների շրջանում, այն մասին, թե ինչպես կանխարգելել աղտոտումը եւ կրթել քաղաքացիներին ավելի հարգալից լինել մշակութային արժեքների նկատմամբ:

Ոչ միայն աղբահավաքը, այլ նաև բազմաբնույթ այլ դասընթացներ իրականացվեցին, որոնց ընթացքում մասնակիցները կարողացան բացահայտել իրենց գյուղը շրջապատող տարածքը և ավելի մոտ լինել բնությանը: Վերջին օրը նույնպես լի էր տարբեր Միջոցառումներով: Երիտասարդներին հատկապես հաճելի էին նկարչության և պարի առաջադրանքները:

«Դասընթացի ամենասկզբից ես ունեի ազատության և վստահության ուժեղ զգացողությու ն»,-իր տպավորություններով կիսվեց Արևիկը:

Սուրենին ամենաշատը դուր էր եկել «Թանգարանում» խաղը: Նա ընդգծեց. «Այս խաղի ժամանակ ես գիտակցեցի մշակութային գանձերի կարևորությունը և արժեքը»: Մարիամը, ով Վարագավանից է, նշեց, որ դասընթացը օգնեց զարգացնել թիմային աշխատանքներ կատարելու հմտությունները և հոգ տանել բնության մասին:

Ներածական դասընթացը հիանալի սկիզբ էր դասընթացների այն շարքի, որոնք անցկացվելու են ամբողջ ամառվա ընթացքում և շարունակվելու են ամբողջ ծրագրի ընթացքում: