AMGEENRU

Երկամյա աշխատանքի ամփոփում

17.12.2013 13:22

Ակումբների անդամները ծրագրի շրջանակներում նաև մասնակցեցին շատ տարբեր միջոցառումների, փառատոնների, դիմակահանդեսների, ամառային ճամբարի, որոնք լավ հնարավորություն էին ցույց տալու իրենց գիտելիքներն ու հմտությունները, ներկայանալու հանրությանը, սոցիալական կապեր ստեղծելու, սոցիալ-մշակութային կյանքի ակտիվացմանը և ինչ-որ խնդիրների վերհանմանն ու որոշ դեպքերում նաև լուծմանը:

Ծրագրի կարևորագույն նվաճումներից էր նաև այն, որ համայնքային ակումբների մասնակից երիտասարդները որոշակի գիտակցական մակարդակի հասան, որ ոչ միայն չի կարելի փչացնել, կեղտոտել, ոչնչացնել մշակութային արժեքները, այլ նաև պետք է հոգ տանել դրանց նկատմամբ, մաքուր պահել դրանք և հարակից տարածքները, խրախուսել այլ մարդկանց ևս լինել հոգատար: Երեխաները հաճախ էին ծրագրի շրջանակներում կամ դրանից անկախ կազմակերպում աղբահավաքներ, ծառատունկեր և այլ միջոցառումներ, որոնք կխրախուսեին այլ երիտասարդների ևս ճանաչել և պահպանել մշակութային արժեքներն ու առհասարակ իրենց համայնքները:

Ծրագրի առանցքային դասընթացներից էին ֆոտո, վիդիո, ֆիլմերի պատրաստման և լրագրության դասընթացները: Երիտասարդներն ունեին բլոգ, որտեղ ամեն շաբաթ գրառումներ էին կատարում իրենց անցած դասընթացների ու կատարած աշխատանքների մասին: Ծրագրի շրջանակներում նրանք նկարահանեցին ֆիլմեր իրենց համայնքներում առկա մշակութային, բնապահպանական և սոցիալական խնդիրների վերաբերյալ: Ֆիլմերը բավականին հետաքրքիր էին և հստակ ցույց էին տալիս երիտասարդներինն անհանգստացնող խնդիրները: Դրանք նաև մասնակցեցին «Արևորդի» փառատոնին, որտեղ Ալավերդու «SOS Մշակույթ» ակումբի ֆիլմը հաղթող ճանաչվեց, իսկ մյուս ֆիլմերն արժանացան մրցանակների տարբեր նոմինացիաներում: Երիտասարդներն ունեցան նաև ֆոտոցուցահանդես, որտեղ ներկայացվեցին այս երկու տարիների ընթացքում կատարված նրանց լավագույն աշխատանքները:

Ծրագրի արդյունքում տպագրվեցին Մշակութային ժառանգության կրթության ձեռնարկ, Միջմշակութային հաղորդակցության վարժությունների ձեռնարկ, Հայրենասիրական ձեռնարկ, Ոսկեպար և Ջիլիզա գյուղերի մշակութային արժեքների մասին պատմող գրքեր և Լոռվա ու Տավուշի մարզերի տուրիստական քարտեզներ:

«SOS Մշակույթ» թիմի աշխատանքների շնորհիվ Բարձրաքարշ Սուրբ Գրիգոր վանքը ներառվեց «Համաշխարհային հուշարձան դիտարկողի» (WMW) 2014 թվականի ցանկում:

Այժմ ծրագիրն ավարտվել է, սակայն մենք ունենք ակտիվ ու հետաքրքրված երիտասարդներ հեռավոր սահմանամերձ մարզերում, որոնք ակտիվորեն շարունակում են «SOS Մշակույթ» ծրագրի սկսած աշխատանքները: Նրանք հիմա ավելի լավ են ճանաչում իրենց մշակութային արժեքները և թույլ չեն տա ոչ մեկին վնասել դրանք: Նրանք նաև փորձում են ակտիվորեն իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցել սեփական և հարևան համայնքների այլ երիտասարդների, որպեսզի համատեղ ուժերով ավելի մեծ աշխատանքներ կատարեն: Նրանք շատ ակտիվ են իրենց համայնքներում, փորձում են մասնակցել և իրենց ներդրումն ունենալ հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային խնդիրների լուծմանը:

Այսքանով կարելի է ասել, որ «SOS Մշակույթ» ծրագիրը հասավ իր հիմնական նպատակներին: Արդյունքները շատ գոհացուցիչ էին, և որ ամենակարևորն է՝ իր ավարտից հետո էլ համայնքներում առողջ մտածելակերպ ունեցող և գիտակից երիտասարդները կշարունակեն մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվել և փորձել լուծումներ գտնել առաջացած տարբեր խնդիրների համար: