AMGEENRU

«SOS մշակույթ» ծրագրի տպագրական նյութեր

04.11.2013 16:18

Հոկտեմբերի 30-ին «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցավ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ասուլիսը` նվիրված «SOS մշակույթ» ծրագրի շրջանակում իր կողմից պատրաստած 5 գրքույկներին, որոնք պատմում են Տավուշի և Լոռու մարզերի պատմական հուշարձանների մասին:

24 ամիս տևողությամբ «SOS մշակույթ» ծրագիրն ամփոփվել է հոկտեմբերի 18-ին: Այն իրականացվում էր Եվրոմիության «Եվրոպական հարևանության քաղաքականության» (ԵՀՔ) շրջանակներում, Արևելյան մշակութային գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացնում էր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒՀ) և dvv international կազմակերպության Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ:

Սամվել Կարապետյանը, ով ղեկավարում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը ակտիվորեն ներգրավված է եղել ծրագրի շրջանակում ընտրված երկու մարզերի` Տավուշի և Լոռու, տարածքում հնավայրերի ուսումնասիրության աշխատանքներում: Արված ուսումնասիրությունների արդյունքում ստեղծվել են Լոռու Ջիլիզայի և Ոսկեպարի պատմական հուշարձանների մասին պատմող 2 գրքույկ, Լոռու և Տավուշի մարզերի պատմական հուշարձանների 2 քարտեզ-ուղեցույց և «Ձեռնարկ հայրենատիրության» գրքույկը, որտեղ հուշարձանագետն ամփոփել է «SOS մշակույթ» ծրագրի շրջանակում արված աշխատանքներն ու իր մտորումներն այդ հարցերի շուրջ:

Խոսելով ծրագրի մասին հուշարձանագետը հատկապես կարևորեց ծրագրի կրթական բաղադրիչը: «Մեր հայրենասիրության պակասը հայրենաճանաչության պակասից է գալիս,- ասում է հուշարձանագետն ու ասածը հաստատում թվերով,- ծրագրի շրջանակում մենք գտել և ուսումնասիրել ենք ընտրված բնակավայրերի 3 տասնյակ հնավայրեր, որոնցից յուրաքանչյուրում տասնյակ հուշարձաններ ու խաչքարեր կան: Այս ուսումնասիրությունների արդյունքները կարող եք գտնել ներկայացվող հրատարակություններում, սակայն հարկ է նշել, որ վերոհիշյալ հնավայրերի 90 տոկոսից ավելին մեզանում անհայտ են»:Այսպես, օրինակ, Սամվել Կարապետյանի խոսքերով Ոսկեպարի 10, իսկ Ջիլիզայի 20 հնավայրերից միայն 1-ական հուշարձան է ուսումնասիրված: Տեղացիները գիտեն այդ հուշարձանների մասին, սակայն մասնագիտական այցելություններ, հուշարձանագետի խոսքերով, այստեղ չեն եղել:

Հիշեցնենք, որ «SOS Մշակույթ» ծրագրի շրջանակում վերոհիշյալ գրքերից բացի FPWC-ն հրատարակվել է նաև Մշակութային ժառանգության կրթության ձեռնարկ` հայերեն և անգլերեն լեզուներով և Միջմշակութային հաղորդակցության վարժությունների ձեռնարկ: