AMGEENRU

Արևորդի 4-րդ բնապահպանական փառատոն

23.10.2013 14:51

Հոկտեմբերի 18-ին «Անի պլազա» հյուրանոցում կայացավ Արևորդի 4-րդ փառատոնի երիտասարդական ֆիլմերի մրցանակաբաշխությունը, որին ներկայացված էին չորս ֆիլմեր՝ պատրաստված «SOS Մշակույթ» ծրագրի երիտասարդական ակումբների սաների կողմից: Բոլոր ֆիլմերն էլ իսկապես շատ լավն էին, և երեխաները շատ սրտացավ էին մոտեցել իրենց աշխատանքին՝ փորձելով ֆիլմերի միջոցով ցույց տալ իրենց համայնքների մշակութային և բնապահպանական խնդիրները:

«SOS Մշակույթ» ծրագրի Ախթալայի երիտասարդական ակումբի անդամների պատրաստած «Ծերուկ քաղաքը» ֆիլմն արժանացավ հատուկ մրցանակի ժյուրիի կողմից: Վարագավանի ակումբի պատրաստած «Փրկագործ խաչի սպասումով» ֆիլմն արժանացավ մրցանակի՝ որպես մշակութային արժեքի մասին պատմող լավագույն ֆիլմ, իսկ Բերդավանի՝ «Մշտարթուն ժամապահը» ֆիլմը արժանացավ մրցանակի՝ որպես ամենաօրիգինալ միտք:

Արևորդի 4-րդ փառատոնի երիտասարդական ֆիլմեր անվանակարգում առաջին պատվավոր մրցանակի արժանացավ Ալավերդու «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբի նկարահանած «Վաշ-վիշ» ֆիլմը, որը ցնցել էր ինչպես ժյուրիի բոլոր անդամներին, այնպես էլ ներկա հյուրերին: Ժյուրիի նախագահ տիկին Հերմինե Ստեփանյանն իր խոսքում նշեց, որ ժյուրիի բոլոր անդամները միաձայն համաձայն են եղել, որ հենց այս ֆիլմը պիտի համարվի տարվա լավագույն երիտասարդական ֆիլմը:

«Վաշ-վիշ» ֆիլմը պատմում է Ալավերդի քաղաքում գոյություն ունեցող բնապահպանական խնդիրների մասին, որոնք կապված են Դեբետ գետի աղտոտվածության և դրա նկատմամբ մարդկանց անտարբեր վերաբերմունքի և Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի առաջացրած վնասակար պայմանների հետ:

Հաղթող ֆիլմի համար Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Վիվասել ՄՏՍ ընկերության աջակցությամբ պատրաստել էր մրցանակ, որն էր թվային տեսախցիկ: Այս մրցանակը Ալավերդու երիտասարդական ակումբի սաներին ավելի կոգևորի, որպեսզի նրանք հետագայում ևս նկարահանեն ֆիլմեր և փորձեն դրանց միջոցով վերհանել իրենց համայնքում առկա խնդիրներն ու մարդկանց ուշադրությունը հրավիրել դրանց վրա: