AMGEENRU

«SOS Մշակույթ»-ցիները բատիկայի գունագեղ աշխարհում

12.08.2013 14:13

Հերթական գեղեցիկ և հետաքրքիր դասընթացը սկսվեց «SOS Մշակույթ»-ցիների համար: Այս անգամ ծանոթանում էինք բատիկի արվեստին և փորձում էինք ինքներս մուտք գործել այդ գեղեցիկ ու գունագեղ աշխարհ:

Բատիկա անվանում են ձեռագործ նկարը կտորի վրա: Բատիկայի հայրենիքն է Ինդոնեզիայի Ճավա կղզին, որտեղ շատ ընդունված է ձեռքով նկարազարդված հագուստը: Ավանդական ինդոնեզական բատիկան տեղացիները հիմնականում կիրառում էին որպես թալիսման: Այս անտիկ և զարմանալի արվեստի ճյուղը այժմ զբաղեցնում է իր արժանի տեղը դեկորատիվ արվեստի այլ ձևերի շարքերում: Բատիկ ոճը ավելի գրավիչ է դիտվում մետաքսի վրա: Գոյություն ունի բատիկայի տեխնոլոգիայի երեք տեսակ` սառը, տաք և նախշավոր: Բատիկայի միջոցով կտորը վերածվում է կտավի` նրա վրա դրոշմելով արվեստի հետքեր: Նորաձևության այս տեսակը վերջին ժամանակներում շատ արդի է և կիրառվում է հատկապես շարֆերի և թաշկինակների արտադրության մեջ: Հայաստանում նույնպես չնայած երիտասարդ, սակայն լայնորեն կիրառելի արվեստի ուղղություն է դարձել բատիկան:

«SOS Մշակույթ» ակումբների սաներն դասընթացավար Աննայի հետ ծանոթացան բատիկի պատմությանը, ճյուղերին, ինչպես պետք է աշխատեն էսքիզի վրա, ապա կտորի, գույների հետ աշխատանքն ինչ առանձնահատկություններ ունի և այլն: Ընդհանուր տեսական դասից հետո սկսվում էր ամենահետաքրքիրը՝ երեխաները վերջապես իրենց ձեռքով նկարում էին սկզբում թղթի վրա, ապա անցկացնում էին նկարները կտորի վրա և գունազարդում էին: Աննայի միջոցով երեխաները սովորեցին նաև որոշ գաղտնիքներ, որոնք օգնում են ավելի գեղեցկացնել աշխատանքը:

Դասից հետո շատ երեխաներ զգում էին իրենց ինչպես իսկական բատիկագործներ և ցանկանում էին ավելին սովորել արվեստի այս հրաշալի ճյուղի մասին և, ինչու ոչ, գուցե հետագայում շարունակել զբաղվել դրանով: