AMGEENRU
 

«SOS մշակույթ». Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ գոտիների մոռացված մշակութային արժեքների վերածնունդը

Կիսավեր վանքեր, մոռացված եկեղեցիներ, մատուռներ, միջնադարյան քարանձավներ, հին գերեզմանատներ, հինավուրց պաշտամունքային վայրեր…

Հարավային Կովկասի հեռավոր շրջաններում բազմաթիվ անտեսված մշակութային արժեքներ խնամքի և ուշադրության կարիք ունեն, ինչին միտված է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հունվարին մեկնարկած նոր «SOS մշակույթ» ծրագիրը, որի կարգախոսն է` «Հատելով սահմանները` պահիր, պահպանիր, խնամիր»:

24 ամիս տևողությամբ «SOS մշակույթ»-ն իրականացվում է Եվրոմիության «Եվրոպական հարևանության քաղաքականության» (ԵՀՔ) շրջանակներում, Արևելյան մշակութային գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ` Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (ՀՃՈՒԿ) և dvv international կազմակերպության Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ:Եվրոպական Միության ներդրումը «SOS մշակույթ» ծրագրին կազմում է 492,754 եվրո:

Ծրագրի առանցքային նպատակը Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում գտնվող վտանգված, մոռացված մշակութային արժեքների հաշվառումն ու պահպանությունն է` համայնքային ուժերի ներգրավվածությամբ, ինչն իր հերթին կնպաստի տվյալ համայնքի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը:

«SOS մշակույթ»-ի հիմքում այն գաղափարն է, որ ուսումնասիրված և լավ պահպանված պատմական վայրերը հսկայական ազդեցություն են ունենում հեռավոր, աղքատ շրջաններում տնտեսական, սոցիալական և մարդկային միջավայրի զարգացմանը նպաստող պայմանների ձևավորման գործում, գրավիչ են  դարձնում տարածաշրջանը զբոսաշրջիկների համար:

«SOS մշակույթ»-ի հիմքում տարբեր ազգային և էթնիկ  խմբերի ներկայացուցիչ երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունն է, ովքեր ապրում են Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ գոտիներում: Երիտասարդները մասնակցելու են մշակութային արժեքների ուսումնասիրությունների և պահպանման միջոցառումներին, որոնք իրականացվելու են իրենց տարածաշրջանում: Այս միջոցառումները ներառելու են տարբեր սկզբնաղբյուր ունեցող մշակութային կոթողներ, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետական կոթողներ: Սրանով ծրագիրը ընդգծում է այն գաղափարը, որ մշակութային արժեքները բոլորինն են, և անկախ ազգային, կրոնական և լեզվական տարբերությունների` բոլորը պետք է հոգ տանեն և պահպանեն դրանք: Սա նպատակ ունի երիտասարդների շրջանում ներդնել իրենց մշակութային արժեքների նկատմամբ նոր մոտեցում և գիտելիք: Մասնակցելով ծրագրի միջոցառումներին և դասընթացներին՝ ակումբի անդամները կնպաստեն իրենց տարածքի մշակութային և զբոսաշրջային զարգացմանը:

Երիտասարդական ակումբների անդամները կմասնակցեն մշակութային արժեքների հաշվառման, պահպանման աշխատանքներին` նպաստելով իրենց մարզերի մշակութային և զբոսաշրջային զարգացմանը:

Երիտասարդական ակումբի անդամները անցնելու են այնպիսի դասընթացներ, ինչպիսիք են միջմշակութային հաղորդակցությունը, առաջնորդությունը, բազմամշակութային իրազեկվածությունը, արվեստի պատմությունը, ֆոտո արվեստը, ֆիլմերի նկարահանումը և տուրիզմը: Հիմնադրամի և dvv international-ի ներկայացուցիչների, ինչպես նաև ծրագրի փորձագետների ուղեկցությամբ ակումբի անդամները կայցելեն մշակութային կոթողներ: Նրանք կսովորեն պահպանել մշակութային արժեքները ֆոտոյի և ֆիլմերի միջոցով: Ավելին, նրանք ձեռք կբերեն այն հիմնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են դրանց պաշտպանության համար: Այս գործնական միջոցառումների միջոցով երիտասարդների մոտ կձևավորվի պատասխանատվության զգացում մշակութային արժեքների նկատմամբ: Ֆոտոները և ֆիլմերը կտեղադրվեն և կցուցադրվեն ցուցահանդեսների ժամանակ:

ՀՃՈՒԿ-ը, համագործակցելով վրաց գործընկերների հետ, կաջակցի ծրագրին՝ ունենալով հարուստ փորձ հեռավոր, անհասանելի վայրերում  մշակութային կոթողների հաշվառման և ուսումնասիրման գործում::  dvv internaional կնպաստի ծրագրին` ունենալով հարուստ փորձ մեծահասակների և երիտասարդների կրթության ոլորտում՝ ներառելով ուսումնական ընթացքը աշխույժ և գրավիչ դարձնող ինտերակտիվ ուսուցողական մեթոդներ և գործիքներ: «SOS Մշակույթ» ծրագրի գործընկեր, հայկական կողմի փորձագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ պարոն Սամվել Կարապետյանն ընդգծում է ծրագրի առաջնային նպատակները, որոնք ըստ նրա ինքնաճանաչողությունն և տարածքի հարուստ մշակութային ժառանգության իմացությունն են:

«Գիտելիքի փոխանցումը տեղի բնակչությանը և հատկապես երիտասարդությանը կնվազեցնի չիմացության հետևանքով տեղի ունեցող ոչնչացումը: Անուղղակիորեն ծրագիրը կնվազեցնի նաև արտագաղթը, քանի որ երբ ճանաչում են հայրենիքը, սկսում են ավելի սիրել  այն և կապվել դրա հետ»,-ասում է Կարապետյանը: